Հրաժարականների խնդրանքը՝ SMS հաղորդագրությամբ, ո՞վ դեռևս չի արձագանքել այդ խնդրանքին

Աստղիկ Խաչատրյան 22.11.2024 - 23:06
22.11.2024 - 23:06 դիտում

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ պաշտոնյաների հրաժարականների խնդրանքը sms հաղորդագրության միջոցով փոխանցելու տեղեկությունը Փաշինյանը հաստատեց, և հետևյալը պատասխանեց․ «Կիրակի օրը այո, ուշ երեկոյան՝ ոչ, գրավոր տեսքով՝ այո, այդ թվում՝ Ձեր նշած պատճառով, որովհետև այստեղ նրբություններ կան՝ իրավական, քաղաքական, բարոյական, և ես կարևոր եմ համարել՝ այն ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի այդ գրավոր տեքստն ըստ անհրաժեշտության նաև այդպիսի հարց կլինի, որովհետև բանավոր խոսակցությունը ինքը վատ չի, բայց բանավոր խոսակցության շուրջ կարող են շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ լինել»։

Հանրային ՀԸ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց, որ դա ոչ թե իր հորդորն է եղել, այլ խնդրանքը:

«Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ խնդրանքը կատարել և չկատարել։ Ես որպես ՀՀ վարչապետ ու կառավարող կուսակցության վարչության նախագահ պատասխանատվություն ունեմ դատական համակարգի նկատմամբ։ Ինչպե՞ս իրացնեմ այդ պատասխանատվությունը։

Մարդկանց ընկալումն այդպիսին է, որ արդարության ու անկախ դատական համակարգի խնդիր կա։ Եթե մարդկանց հարցնենք, թե ով է պատասխանատուն, իմ անունն են տալու»,- ասաց Փաշինյանը։

Շարունակելով պաշտոնանկությունների թեման, վարչապետն ասաց՝ ինչպես Արգիշտի Քյարմյանին է դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։

Աղազարյանը, ի տարբերություն Զեյնալյանի, դեռ մանդատը վայրի չի դրել՝ դիտարկմանն ի պատասխան, վարչապետն ասաց.

«Հույս ունեմ, որ խնդրանքս անարձագանք չի մնա»,- ասաց Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ