ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները հինգշաբթի օրը կանցկացնեն ՀԱՊԿ ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստ։ «Հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին` տեսակոնֆերանսի միջոցով: Կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը»,- «Ինտերֆաքս»-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ երկիր է ժամանել ՀԱՊԿ 2030 խաղաղապահ և 250 միավոր տեխնիկա։
ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կիրականացվի առաջադրանքների ավարտից հետո՝ Ղազախստանի իշխանությունների հետ համագործակցությամբ և ռուսական ռազմական ավիացիայի ներգրավմամբ:
Խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում և Ալմաթիի շրջանում։ Հրամանատարական կետը տեղակայված է Ալմաթիի ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտի բազայում: