Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ դեսպան Կիշան Դան Դեվալի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
«Այսօր Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- ասված է երկլեզու հաղորդագրության մեջ:
Սոցցանցի հրապարակման մեջ դեսպանությունն ակտիվ հղմամբ նշել է նաև Հնդկաստանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների էջերը: