ՀՀ ՊՆ ղեկավարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Աստղիկ Խաչատրյան 19.05.2021 - 21:33
19.05.2021 - 21:33 դիտում

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը:

Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է Բոլատ Իմանբաևին տարածաշրջանում տիրող իրադրության և ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել վերջին օրերի զարգացումները:

Զրուցակիցները կարևորել են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում գործադրվող ջանքերը, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր և փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով պլանավորված միջոցառումների կատարման ընթացքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ