Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ պաշտոնական փոխայցելությունների խթանմանը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն աշխուժացել են քաղաքական շփումները երկու երկրների դիվանագետների միջև, սպասվում է նաև ՀՀ և ԼԺԺՀ արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների կանոնավոր ձևաչափի ստեղծում։
Համաձայնագրի նպատակն է՝ յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական և պաշտոնական/ծառայողական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից: Այն կվկայի երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին, ինչը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման հարցում։