ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառ. կմ է, որից 208 քառ. կմ օկուպացված է Ադրբեջանի կողմից. Կոնջորյան

Աննա Կոստանյան 22.05.2024 - 15:42
22.05.2024 - 15:42 դիտում

Ազգային ժողովի՝ մայիսի 22-ի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրեց իշխանական խմբակցությանը, թե այժմ ինչքան է ՀՀ ինքնիշխան տարածքը:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է անկախությունից ի վեր, ապա հարցն ուղղեց նաև Արծվիկ Մինասյանին՝ ընդդիմությունն ընդունո՞ւմ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է: Արծվիկ Մինասյանը նշեց, որ խնդիրն իր ընդունելն ու չընդունելը չէ, քանի որ օրենքներով է ամրագրված, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է:

Ալեն Սսիմոնյանը արձագանքեց. «Ֆիքսենք, որ դուք այնուամենայնիվ խուսափեցիք և չպատասխանեցիք՝ արդյոք «Հայաստան» խմբակցության համար, ելույթ ունենալով խմբակցության անունից, ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառակուսի կիլոմե՞տր է, թե՞ չէ, ոչ թե թղթերով այդպես է գրված»:

Թեմային առնչվող ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտարարելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր:

«Դրա մի մասը Ածվաշենով և որոշ այլ տարածքներով օկուպացվել է դեռևս 1990-ականներին, և մոտ 139 քառակուսի կիլոմետր օկուպացվել է 2021 թվականի մայիսից սկսած: Ձեր հարցի պատասխանը հետևյալն է, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է, որից 208 քառակուսի կիլոմետրը օկուպացված է: Բայց նույնիսկ այս պատասխանը տալուց հետո դուք էլի չեք կարողանալու այդ հարցին պատասխանել, որովհետև դուք քաղաքական հայդուկներ եք, որովհետև ձեզ պետք չէ կոնկրետություն, լեգիտիմություն»,- ասաց Կոնջորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ