ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԼՂ հակամարտությունը վերջնական լուծված չի համարում

Գոհար Ստեփանյան 23.04.2021 - 20:34
23.04.2021 - 20:34 դիտում

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական լուծված չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը:

«Մինչ խաղաղության պայմանագրի մասին խոսելը պետք է արձանագրել մի պարզ իրողություն. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծված չէ: Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով: 2020 թվականի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի` Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնարար սկզբունքներից մեկը` ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքը: Գոյություն ունեն տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ և դրանց կոմպոնենտներ, որոնց վրա էլ պետք է հիմնվի հակամարտության կարգավորումը: Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ում վերջին համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «կողմերին լավ հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա»,- նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ալիևը ոչ միայն ժխտում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ իրողությունը, բայց նաև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովրդների միջև:

«Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարի պուրակ», ցնորական հայտարարություններ է անում Զանգեզուրի վերաբերյալ, ոչնչացնում է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում կցուցաբերի, ռացիոնալ քայլեր կձեռնարկի և պատրաստ կլինի կառուցողական երկխոսություն վարել, այն ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ