ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

Աստղիկ Խաչատրյան 28.02.2024 - 20:38
28.02.2024 - 20:38 դիտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում անդրադարձավ փետրվարի 25-ին ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ մեր երկրի վերաբերյալ հնչած վիրավորական գնահատականներին:

«Նախկինում էլ առիթ եղել է, որ այս թեմայի հետ կապված պառլամենտում հարցը հնչի: Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն կա: Մենք փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

«Եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն և ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, այդ խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին՝ արդյոք փաստաթղթում արձանագրված դրույթները և սկզբունքների պահպանումը վերախմբագրելու, լրամշակելու անհրաժեշտություն չունի, և մեր դիրքորոշումը հստակ է՝ ունի»,- ասաց նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ