Ներկա պայմաններում լրացուցիչ զորահավաքային միջոցառումների մասին խոսակցություններն ուղղակի իմաստ չունեն, և դրա կարիքը պետության ու պաշտպանության նախարարության համար այսօրվա դրությամբ չկա, ասել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի խոսքով, 300 հազար մոբիլիզացվածներից 150 հազարը գտնվում են գործողության իրականացման գոտում, նրանցից միայն 77 հազարն են մարտական ստորաբաժանումներում, մյուսները տարածքային պաշտպանության զորքերում են։
«Եվս 150 հազարը, այսինքն` մոբիլիզացված բոլոր քաղաքացիների կեսը, ընդհանրապես խմբավորման մեջ չեն, նրանք մինչ օրս գտնվում են զորավարժարաններում կամ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններում, որտեղ լրացուցիչ պատրաստություն են անցնում: Դա, եթե կարելի է ասել, մարտական ռեզերվն է»,-ասել է Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Ինչ վերաբերում է հատուկ գործողության գոտում առկա խնդիրներին, ապա այդպիսիք, ըստ Ռուսաստանի նախագահի, եղել են և հիմա էլ կարող են առաջանալ երբ և որտեղ ասես, բայց պետք է վերլուծել իրավիճակը և հետադարձ կապ ունենալ:
Նախագահը հավելել է, որ դա անհրաժեշտ է ինչպես հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող զինծառայողներին, այնպես էլ հասարակությանն ու պետությանը, քանի որ այդպիսով կբարձրանա մարտական աշխատանքի որակը և արդյունավետությունը:
Պուտինն ընդգծել է, որ հատուկ գործողության գոտում մարտական դիրքերից զանգածաբար հեռանալու դեպքեր չկան։
Ուկրաինայում հատուկ գործողությունը երկար գործընթաց է, բայց Ռուսաստանի Դաշնության կազմում նոր տարածքների հայտնվելը նշանակալի արդյունք է, բացի այդ, Ազովի ծովը դարձել Է Ռուսաստանի ներքին ծովը, հայտարարել Է Պուտինը: