Հունվարի 31֊ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք՝ Լևոն Յոլյանը այս պաշտոնին ընտրվել էր 2017-ի փետրվարի 27-ին, երբ դեռ պալատը կոչվում էր Վերահսկիչ:
Սահմանադրության 199-րդ հոդվածի (Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ: