Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր կայացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված հանրահավաքը։
Ելույթ ունեցողները շեշտել են, որ հանրահավաքն առաջին հերթին հայ ժողովրդի միասնության և կամքի ցուցադրություն է և այդ հրապարակից արցախցին ի լուր աշխարհի հայտնում է, որ ինքն է որոշելու, թե ինչպես ապրել, որտեղ և ում հետ:
Կոչ հղվեց ՀՀ քաղաքացիներին՝ թույլ չտալ ՀՀ գործող իշխանություններին Արցախի անունից ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ վտանգված կլինի արցախահայության ինքնորոշման իրավունքը, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմին հորդորեցին անվերապահորեն կատարել իր պարտականությունները, տեր կանգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերին:
Դիմելով Արցախի իշխանություններին՝ հորդորեցին ճիշտ գիտակցել իրենց պարտավորությունները ժողովրդի առաջ և չտրվել արտաքին տարբեր ազդեցություններին, տեղի չտալ Ադրբեջանի ճնշումներին և առաջնորդվել միայն Արցախի ժողովրդի կամքով: