Հայ-իրանական գործարար համաժողով Թեհրանում

Աստղիկ Խաչատրյան 26.05.2021 - 11:36
26.05.2021 - 11:36 դիտում

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում:

Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Իրանի առևտրի պալատի նախագահ Գոլման Հուսեյն Շաֆեիի միջև: Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:

Իրանցի գործարարներին, մասնավորապես, հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտներում նոր փոփոխությունները: ՊԵԿ պատվիրակության կողմից մատնանշվել են վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնք էական ազդեցություն են ունեցել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Էդվարդ Հովհաննիսյանը հորդորել է գործարարներին հարկային և մաքսային վարչարարության կիրառման հետ կապված ցանկացած հարցով դիմել ՊԵԿ համապատասխան մասնագետներին: Կոմիտեի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցություններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ