Հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով, իսկ կամրջի տակ՝ 73-ամյա տղամարդու դին. ՔԿ

Աննա Կոստանյան 18.08.2022 - 19:46
18.08.2022 - 19:46 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից ցած նետվելու իր մտադրության վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացվել է 2022թ. օգոստրսի 18-ին՝ ժամը 07:30-ին:

Անմիջապես դեպքերի վայրեր են մեկնել քննչական-օպերատիվ խմբերը. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի Աղբյուրակի փողոցում գտնվող տան զննությամբ հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ Նոր Հաճնի կամրջի տակ՝ 73-ամյա տղամարդու դին:

Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ