Հայոց պետականության լինելության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. Արցախի ԱԺ հայտարարությունը

5.04.2022 - 22:41 դիտում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը:

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը, փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող ազգային-ազատագրական պայքարի տեսլականը:

1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետև՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով:

2020 թ. սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև՝ մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներին:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով:

Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը:

Ներկա պայմաններում ՀՀ-ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ, Հայոց պետականության լինելության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»:

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն:
http://www.nankr.am/hy/4639

Опубликовано Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly Вторник, 5 апреля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ