Հայաստան ու Ադրբեջանը պետք է իրենք լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող կողմերին որևէ լուծում պարտադրել. Ստանո

6.04.2024 - 23:47 դիտում

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին և սահմանազատման գործընթացին:

«Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները»,- նշել է Ստանոն, հավելել՝ ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող կողմերին որևէ լուծում պարտադրել։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բանակցությունների եվրոպական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմանը՝ Ստանոն նշել է. «Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ»։

Հարցին, թե միջազգային իրավունքը խախտողը չպե՞տք է արդյոք պատասխան տա, ԵՄ ներկայացուցիչը նշել է. «Մենք ունենք Միավորված ազգերի կազմակերպություն, ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ցանկացած երկիր ազատ է հարցերը բերել Անվտանգության խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան, Միջազգային քրեական դատարան։ Սա է գոյություն ունեցող համակարգը, որը մենք ցանկանում ենք ամրապնդել»:

Ստանոն մեկնաբանել է ղարաբաղահայերի՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի հարցը, նշել՝ այն դեռ օրակարգում է:

«Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան»,- ասել է Ստանոն:

Նրա խոսքով՝ ղարաբաղահայերի խնդրի լուծման համար պետք է աշխատանք տանել շահագրգիռ բոլոր կողմերի հետ: «Մենք շարունակում ենք դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ երաշխիքներ տրամադրել և շատ անկեղծ ու հստակ ասել այս մարդկանց, որ նրանք կարող են վերադառնալ առանց որևէ սպառնալիքի և առանց որևէ մտահոգության, որ նրանց ունեցվածքը պետք է հարգվի, ինչպես նաև պետք է հարգվեն մշակութային և կրոնական խորհրդանիշներն ու սեփականությունը։ Այս հարցը փակված չէ, և մենք այն բարձրացնում ենք ամեն անգամ, երբ հնարավորություն ենք ունենում Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ»,- նշել է խոսնակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ