Կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագիրը քննարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵՄ գործընկերների հետ

23.02.2022 - 20:10 դիտում

«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ: Այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում:

Քննարկման մասնակիցներին ողջունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ կազմակերպության գլխավոր առաջնահերթությունն է, որ բոլոր երեխաների համար հասանելի լինի որակյալ կրթությունը: Նա փաստել է, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթում ամփոփվել են կրթության ոլորտի դրական և բացասական կողմերը, կատարվել է հսկայական վերլուծական աշխատանք, որն էլ հենց հանդիսանում է ծրագրի հիմքը: Քրիսթինե Վայգանդը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է այն ընդհանուր տեսլականը, որն օգնելու է կրթության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելուն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին կրթության ոլորտի առանցքային փաստաթղթի հանրային քննարկմանը մասնակցելու համար: «Հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին՝ մենք տարբեր ձևաչափերով կազմակերպում ենք հանրային քննարկումներ՝ քաղաքացիների և կրթության առաջնային շահառուների կարծիքները հավաքագրելու համար: Փաստաթուղթը միշտ էլ բարելավման կարիք ունի, հետևաբար կարևորում ենք հնչած բոլոր նկատառումները և, առանձնահատուկ, զարգացման գործընկերների կարծիքները: Փաստաթղթում ամրագրված առաջնահերթությունները կօգնեն, որպեսզի զարգացման գործընկերները մինչև 2030 թվականն ավելի մեծ ռեսուրսներ տրամադրեն այդ ուղղությամբ և շարունակեն երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ նախանշված հավակնոտ թիրախներին հասնելու համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը քննարկման կազմակերպման, ինչպես նաև ֆինանսական գնահատականի և այլ հարցերի շուրջ ցուցաբերած աջակցության համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ փաստաթղթի նախագծում տրված է կրթության ոլորտի օբյեկտիվ գնահատականը՝ հույս հայտնելով, որ քննարկման ընթացքում կհնչեն արժեքավոր առաջարկներ:

Քննարկման կազմակերպիչների ողջույնի խոսքերից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:

Նրանք գոհունակություն են հայտնել փաստաթուղթը զարգացման գործընկերների հետ քննարկելու և նրանց արձագանքները լսելու վերաբերյալ, քանի որ ծրագրում առկա վերլուծությունները, իրավիճակի ախտորոշումը և նպատակադրումները ոչ միայն ԿԳՄՍ նախարարության, այլև գործընկերների հետ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը, Ժաննա Անդրեասյանը՝ նախադպրոցական, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական, իսկ Կարեն Թռչունյանը՝ բարձրագույն կրթության ոլորտներում մինչև 2030 թվականը վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշները, ռազմավարության հիմնական թիրախները և սկզբունքները:

Բանախոսների զեկույցներից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում ներկաները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին նախագծի մասնակցային քննարկման համար և ընդգծել, որ ներկայացվել է բավականին առաջադեմ փաստաթուղթ: Նրանք հանդես են եկել մի շարք առաջարկներով և դիտարկումներով, ինչպես նաև հարցեր ուղղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներին: Հարցերը մասնավորապես վերաբերել են ազգային գնահատման ավելի ընդհանրական համակարգ ունենալուն, դպրոցների կառավարման նոր համակարգին, ուսուցիչների վարձատրությանը, սոցիալական բաղադրիչի ներառմանը, որոշ առարկաների գծով ուսուցիչների պակասին, մանկավարժական կրթությանը, դպրոցներում քննադատական մտածողության զարգացմանը, սահմանամերձ համայնքների դպրոցներին, համընդհանուր ներառական կրթությանը, ազգային փոքրամասնությունների համար որակյալ կրթության ապահովմանը, ոչ ֆորմալ կրթության ձևերի հստակեցմանը, բարձրագույն կրթության միջազգայնացմանը և այլ խնդիրների:

Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար: Նա վստահեցրել է, որ հնչած բոլոր արժեքավոր առաջարկները և նկատառումներն անպայման հաշվի կառնվեն փաստաթղթի լրամշակման ընթացքում: Արթուր Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ծրագիրը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/4013/about)՝ բոլոր քաղաքացիներին և շահառու խմբերին հորդորելով մինչև մարտի 1-ը ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նկատառումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ