Մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իմ հայտարարությունը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև չեն խաբում ժողովրդին և Աստծուն։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարգելի Տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում և վերահաստատում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներդ իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետև Դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։
Բայց ի վերջո, եթե Դուք էլ զավակ ունեք, Կտրիճ Ներսիսյանն էլ, ինչո՞ւ նա Եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Դուք, այն պարագայում երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն, իսկ Դուք՝ ոչ։ Երբ նա ուխտել է ամուսնանալ Եկեղեցու հետ ու դավաճանել է Եկեղեցուն, և նրա բարձր կարգավիճակը հիմնված է այդ ուխտի վրա, որը դրժել է։
Ինչո՞ւ պիտի շնացող «կուսակրոնը» գերակայի Ձեր նկատմամբ և ղեկավարի Ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով և որը պղծել է:
Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը։ Բայց Կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից։ Եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»,- նշել է նա: