ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասված է.
«Օրերս լրատվական կայքերում, սոցցանցում և քաղաքական գործիչների կողմից տեղեկություններ են տարածվում, որ վերջին օրերին բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում։
Մասնավորապես, շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, իսկ Բենիկ Արզումանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ապրիլի 7-ին հանրապետությունում քաղաքական որևէ ակցիա տեղի չէր ունենում։
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի ծառայության հիմնական նպատակներն են հասարակական անվտանգության ապահովումն ու հանցավորության դեմ պայքարը։
Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց»։