«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Ի մասնավորի՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։