Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափություն է հայտնել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներից, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԼՂ-ի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր ադրբեջանական կողմի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին նախապատրաստել համապատասխան առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի միջազգային թիմի անդամներ հակամարտության հանդեպ չեզոք երկրներից՝ տեղում ընթացիկ իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ և անաչառ՝ պահպանելով հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ, որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը համարում է անհաջող, քանի որ չի կարողացել ճշգրիտ ներկայացնել և գնահատել ԼՂ-ում տիրող իրավիճակը։
«Մենք խորապես համոզված ենք, որ «առաքելությունները հանուն առաքելության» և «հայտարարությունը հանուն հայտարարության» համարժեք պատասխան չեն այնպիսի լուրջ և վտանգավոր իրավիճակներին, որքան այն, ինչ տեղի է ունեցել Հարավային Կովկասում: Մենք կասկածի տակ ենք դնում այդ առաքելության բարեխղճությունն ու ազնվությունը: ՄԱԿ-ի առաքելության գործունեության և գնահատման անորոշ սկզբունքները, որտեղ բացակայում են որևէ կոնկրետ նպատակները, մեթոդաբանությունը կամ ցուցումները, լրջորեն վտանգում է այն վստահությունը, որը միջազգային հանրությունը տածում է ՄԱԿ-ի աշխատանքի նկատմամբ», – հայտարարել են կառույցից:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել էր, որ ԼՂ այցելության մեկ օրվա ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել, թեև բոլոր խանութները փակ են եղել։