ԼՂ նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

Աննա Կոստանյան 29.08.2023 - 18:18
29.08.2023 - 18:18 դիտում

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին ԼՂ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են ԼՂ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

«Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր:

Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների: Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները:

Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝ շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝ հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ