Իրանը սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին. Ալի Շամխանին՝ Նիկոլ Փաշինյանին

Աննա Կոստանյան 7.07.2022 - 18:37
7.07.2022 - 18:37 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը:

«Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգային հարցերի համատեքստում պարոն Շամխանիի այցը արդյունավետ կլինի:

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները:

Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին կարևորել են առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլյանման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները ևս փոխանցել ինչպես նախագահ Ռայիսիին, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ