Իլոն Մասկը խոստացել է ստեղծել ռոբոտների բանակ

Աննա Կոստանյան 25.03.2025 - 13:22
25.03.2025 - 13:22 դիտում

Tesla կորպորացիայի ղեկավարը՝ Իլոն Մասկը, պլանավորում է մինչև 2025 թվականի վերջ ստեղծել 5 հազար Optimus ռոբոտ: Այս մասին հայտնի է դարձել X-ում անցկացված ուղիղ հեռարձակման ընթացքում։

Tesla-ի եռամսյակային հաշվետվությանը նվիրված հեռարձակման ժամանակ Մասկը պատմել է Optimus ռոբոտների ստեղծման գործընթացի մասին։ Միլիարդատերը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ իր ընկերությունը պետք է արտադրի 5 հազար ռոբոտ։ «Կասեմ, որ մենք հաջողության կհասնենք, եթե ստանանք 10 հազարից առնվազն կեսը։ Բայց նույնիսկ 5 հազար ռոբոտը համարժեք է հին Հռոմի լեգեոնի չափին», — նշել է Մասկ։ Հին Հռոմում լեգեոնը տարբեր ժամանակներում կազմված էր 2-10 հազար զինվորից։

«Կարծում եմ՝ մենք բառացիորեն կստեղծենք լեգիոն. առնվազն մեկ լեգիոն ռոբոտ այս տարի, իսկ հնարավոր է՝ 10 լեգիոն հաջորդ տարի», — խոստացել է Իլոն Մասկ։ Այսպիսով, Մասկը նախատեսում է արտադրել մինչև 50 հազար Optimus ռոբոտ՝ ձևավորելով յուրահատուկ «բանակ»։

Գործարարը շեշտել է, որ ռոբոտների ստեղծումը Tesla-ի համար բացարձակ նոր բիզնես է, ուստի ընկերությունը որոշ սխալներ թույլ է տալիս։ Այնուամենայնիվ, Մասկն իր ռոբոտները համարել է Tesla-ի ամենաարժեքավոր ակտիվը։ Նրա կարծիքով՝ դժվար է գնահատել այն արտադրությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծել «խելացի հումանոիդ ռոբոտներ, որոնք կարող են կողմնորոշվել իրականության մեջ և կատարել առաջադրանքներ ըստ պահանջի»։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչել բոլոր արտադրված և վաճառված Cybertruck մեքենաները, որոնք թողարկվել էին առաջին 15 ամսվա ընթացքում՝ անվտանգության խնդրի պատճառով։ Պարզվել է, որ հետ կանչված 46 096 պիկապներից մեկ տոկոսը ունեցել է վտանգավոր թերություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ