BRICS-ի երկրների կողմից «միակողմանի սակագնային և ոչ սակագնային միջոցառումների» քննադատության ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք աջակցում են կազմակերպության «հակաամերիկյան քաղաքականությանը»։
«Ցանկացած երկիր, որը կմիանա BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքի: Այս հարցում բացառություններ չեն լինի»,- գրել է ԱՄՆ նախագահը իր Truth Social սոցիալական ցանցում:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո BRICS-ի երկրները հռչակագիր են հրապարակել՝ «լուրջ մտահոգություն հայտնելով միակողմանի սակագնային և ոչ սակագնային միջոցառումների թվի աճի վերաբերյալ, որոնք խաթարում են առևտուրը և չեն համապատասխանում Առևտրի միջազգային կազմակերպության կանոններին»։
2024 թվականի վերջին Դոնալդ Թրամփը BRICS երկրներին սպառնացել էր 100% մաքսատուրքերով, եթե կազմակերպությունը ստեղծի իր արժույթը՝ որպես դոլարի այլընտրանք։ 2022 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել BRICS-ի արժութային զամբյուղի հիման վրա «միջազգային պահուստային արժույթ» ստեղծելու մտադրության մասին, սակայն ավելի ուշ նա հայտնել էր, որ կազմակերպության պետությունները «պատրաստ չեն» դրան։
BRICS-ը սկզբնապես չորս երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի միավորում է եղել։ 2010 թվականին նրանց է միացել Հարավաֆրիկյան Հանրապետությունը, 2024 թվականի սկզբին՝ Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ավելի ուշ՝ Ինդոնեզիան։ AFP-ն նշում է, որ այժմ դաշինքի երկրներում ապրում է երկրագնդի ամբողջ բնակչության մոտավորապես կեսը, իսկ նրանց տնտեսության համախառն ծավալը հասել է համաշխարհային տնտեսության 40 տոկոսին: