Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հայտարարել է, որ Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար:
«Եթե Հայաստանը միանա այս գործընթացին և դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, ապա կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում», – Էրդողանի խոսքը մեջբերում է «Daily Sabah»-ը, Aysor.am-ի փոխանցմամբ, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Վեցյակի պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը ներառում է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Երևանի համաձայնության դեպքում՝ Հայաստանի ընդգրկումը: Նախօրեին Էրդողանը հնչեցրել է նման առաջարկ:
«Եթե նոր հնարավորություններ առաջանան, ապա ակնհայտորեն Հայաստանը մեծ օգուտ կստանա: Հայաստանը կլինի այն կողմը, որն առավելագույն օգուտը կստանա», – ավելացրել է Թուրքիայի նախագահը:
Նա նշեց, որ ռուսական կողմը դրական է արձագանքել «վեցյակի պլատֆորմ» նախաձեռնությանը: