Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի և էական աճ ունենք. Փաշինյանը՝ Գորիսում և Մեղրիում նոր ենթակառուցվածնքերի մասին

26.06.2025 - 12:50 դիտում

Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի և էական աճ ունենք: Այդ աճի ֆիզիկական արտահայտությունը ինքս և իմ ընտանիքը զգացել ենք: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը:

«Պատկերացրեք, որ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է այն պայմաններում, երբ Գորիսն իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավականին առաջատար դիրքեր ունի Երևանից ու Գյումրիից հետո: Եթե ոչ 3-րդը, գոնե 4-րդ, 5-րդ հյուրանոցային տնտեսությունն ունի»,- ասաց նա և ընդգծեց, որ դա արդյունք է այն բանի, որ Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրումներ են արվել:

«Վերջին իմ այցը Գորիս ցույց տվեց, որ քաղաքի կենտրոնն առնվազն հասել է այն տեսքի, որ շատ մեծ տպավորություն կարող է թողնել զբոսաշրջիկների վրա: Իհարկե, մասնավոր հատվածի մեր գործընկերներն էլ արձագանքել են՝ Գորիսում արդեն բավականին լավ հյուրանոցներ կան»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ բազմիցս եղել է Մեղրիում, բայց առավել ևս վարչապետի կարգավիճակում ոչ մի անգամ չի գիշերել այնտեղ, քանի որ համապատասխան հյուրանոց չկար, որ հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ:

«Այս տարի առաջին անգամն է, որ ես Մեղրիում գիշերել եմ, որովհետև այնտեղ նորաբաց հյուրանոց կա: Սրանք ազդակներ են, որոնք պետք է ճիշտ ներկայացնենք, և կարծում եմ՝ կարևոր ազդակներ են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ տնտեսական ակտիվության նոր ցուցանիշներ են արձանագրվում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց՝ Կառավարության քաղաքականությունները ոչ միայն էապես փոխվել են այս ոլորտում, այլև եղել են համահունչ գործարար միջավայրին, այն է՝ Կառավարությունը ստեղծել է կառուցվածք, գործարար միջավայրը՝ ռեստորաններ, խանութներ, հյուրանոցներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ