Երբ հրապարակելու ժամանակը և տրամաբանությունը հասկանանք, և պահը կգա, կհրապարակենք. ԱԺ խոսնակը՝ համաձայնեցված տեքստի մասին

Աննա Կոստանյան 17.03.2025 - 15:37
17.03.2025 - 15:37 դիտում

Նախևառաջ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի մի մասն արդեն հայտնի է, երկրորդը՝ մենք գործ ունենք մի կողմի հետ, որին, ժողովրդի լեզվով ասած, ամեն տեղ պատճառ է պետք որևիցե բան հայտարարելու և ինչ-որ կերպ խնդիրներ ստեղծելու համար: Երբ հրապարակելու ժամանակը և տրամաբանությունը հասկանանք, և պահը կգա, կհրապարակենք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի հրապարակվում խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը:

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ առաջինն Ադրբեջանը հրապարակի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դրա հետ կապված (տեքստը հրապարակելու – խմբ.)՝ քննարկումներ կլինեն, միակողմանի մենք բան չենք ուզում անել, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանն իր վստահությունը, որ ասում է՝ զրոյին է մոտ… որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների համար: Նաև մենք պետք է մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ ու ուղիղ լինենք և ցույց տանք, որ մենք այդպես ենք աշխատում»:

Այս համատեքստում ԱԺ խոսնակը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը կարող է ցանկացած անկանխատեսելի քայլ անել, բայց հայկական կողմը պետք է սեփական տրամաբանությունն առաջ տանի:

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ վերջին տարիներին հայկական կողմը կարողացել է այս իրավիճակում օրակարգ ձևավորող լինել և օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, ինչը թեև շատ դժվար է եղել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ