Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի այցը Անկարա հայ-թուրքական կարգավորման շրջանակում էր՝ հայտարարել է խորհրդարանի փոխնախագահը, նշել որ կողմերի միջև կան տարբեր մակարդակներում շփումներ: Հայաստանի վարչապետի Թուրքիա հնարավոր այցի մասին Ռուբինյանը նշել է, որ պլանավորվող այցերի մասին Կառավարությունը պատշաճ ժամկետներում տեղեկացնում է: Թուրքական կողմի բանագնաց Քըլըչի հետ իր հանդիպման մասին, Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ այս պահին հաստատված ժամկետ չկա: «Արդյոք Կառավարությունը Իրանում ստեղծված իրավիճակից բխող ռիսկերը գնահատո՞ւմ է» հարցին, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է, որ կան տարբեր սցենարներ:
«Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել: Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների:
Երբ տարածաշրջանում մարտական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր»,- ասել է Ռուբինյանը: