Եվրամիության անունից չեմ կարող բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ. Օրբան

Աննա Կոստանյան 5.07.2024 - 12:55
5.07.2024 - 12:55 դիտում

Հունգարիան գիտակցում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմամբ զբաղվելու են խոշոր տերությունները, սակայն ցանկանում է հակամարտության կողմերին մղել խաղաղության հաստատման։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նրա խոսքով՝ հուլիսի 2-ին իր այցը Կիև և հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հենց այդ նպատակն են հետապնդել։
Օրբանը նաև նշել է՝ տեղյակ է, որ ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահությունն իրեն իրավունք չի տալիս Եվրամիության անունից բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Նա նշել է, որ Կիև մեկնելուց հետո կտեղեկացնի ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրների ղեկավարներին Զելենսկու հետ իր հանդիպման արդյունքների մասին:
«Ինձ մանդատ պետք չէ: Ես պարզապես այցելում եմ այն վայրերը, որտեղ պատերազմ է ընթանում, որը կարող է ազդել Հունգարիայի վրա, և հարցեր եմ տալիս: Ես դա արել եմ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ՝ հարցնելով նրան, թե որտեղով է անցնում իր սահմանած կարմիր գիծը»,- ասել է Օրբանը։
Նա հաստատել մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները:
Ավելի վաղ՝ Կիև այցի ժամանակ, Օրբանը Զելենսկուն առաջարկել էր ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ