Եթե ունենայինք պետություն, այսօր կլինեինք հաղթող կողմը․ Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Հրաչ Սահակյան 4.12.2020 - 22:20
4.12.2020 - 22:20 դիտում

Տարածաշրջանում ամբողջ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական վերադասավորումների սկզբում մենք ընտրվեցինք որպես զոհ, ինչպես նախորդ դարասկզբին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը համոզված է՝ ո՛չ նախորդ դարասկզբին, ո՛չ այսօր մենք զոհ չէինք դառնա, եթե ունենայինք պետություն․

«Գլխավոր պատճառը, որ մեզ այս կարգավիճակում են որոշել օգտագործել աշխարհի մեծամեծները, այն է, որ մենք այսքան ժամանակահատվածում չենք կարողացել ստեղծել պետություն»։

Սեֆիլյանի խոսքով՝ 91-94 թվականներին պետության նշույլները կային,կային նույնիսկ ինքնիշխանության դրսևորումներ, սակայն 94-ից հետո մենք ոչ միյան չստեղծեցինք մեր երազանքի պետությունը, այլ հակառակը՝ հաջորդող տասնամյակներին անվտանգության առումով ոչ մի լուրջ քայլ չարեցինք, չպատրաստվեցինք պատերազմի․

«Հարց է առաջանում՝ եթե մենք ստեղծած լինեինք պետականություն, կկարողանա՞յինք այս պատերազմը կանխել, վստահաբար ոչ, բայց  այս ճակատամարտի արդյունքը կլիներ բոլորովին այլ, մենք վստահաբար կլինեինք հաղթող կողմ»։

Սեֆիլյանն ասում է՝ առաջին օրվանից գործող իշխանություններին իրավիճակից լուծումներ գտնելու ելքեր են առաջարկել․

«Անշուշտ, կար լուծում, հենց հաջորդ օրերին բոլորիս համար պարզ էր հակառակորդի գերիշխանությունը օդում, այդ հանգամանքը նկատի առնելով՝ մենք պետք է փոխեինք ռազմի դաշտում, ինչպե նաև թիկունքում մեր մարտավարությունը։Մենք պետք է դիմեինք կիսապարտիզանական մարտավարության»։

Սեֆիլյանը հարց է բարձրացնում՝ արդյ՞ք մենք ունենք հնարավորություն մեր կորցած մեջքը ուղղելու, ապա հավելում է՝ վստահաբար ունենք․

«Որպես ազգ, որպես ժողովուրդ մենք այդ ռեսուրսը ունենք և՛ մտավոր, և՛ ոգեղեն, և՛ կամային, ինչու ոչ նաև առաջիկա ժամանակներում աշխարհաքաղաքական զարգացումները սկսելու են հօգուտ մեզ գործել»։

Բանախոսը պնդում է՝ մենք ունենալու ենք նոր նվաճումներ, բայց այս ամենի նախապայմանը օր առաջ ազգային պետություն ստեղծելն է․

«Այս օրվա մեծ կորուստներից հետո, վստահ եմ, սևեռվելու այս գաղափարի վրա, ամբողջ քաղաքական դաշտը պարտավոր է այս գաղափարի շուրջ համախմբվելու։ Առաջին քայլը պետք է լինի այսօրվա իշխող վերնախավից ձերբազատումը, առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավոր չէ որևէ լուրջ քայլ կատարել։ Շատ լավ կլիներ, որ իր հեռացումը Փաշինյանն անձամբ նախաձեռներ, որ անցնցում դուրս գայինք այս ճգնաժամից»։

Ըստ Սեֆիլյանի՝ շատ կարևոր է ժամաակավոր կառավարության բովանդակությունը, ծրագիրը, գաղափարախոսությունը։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ