Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել: Այդ մասին ասված է դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ ծառայողների կողմից ձերբակալելու ահազանգին: