Դադիվանքի վանական համալիրի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21.11.2020 - 18:20 դիտում

Դադիվանք, հայկական առաքելական միջնադարյան վանական Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։
Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալ-ներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է: Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։
12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։
1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1997 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Վերականգնման գործընթացում առաջնահերթությունը տրվել է գմբեթավոր փոքր եկեղեցուն, որը գտնվում է տաճարի հյուսիսային պատից 1,5 մ հեռու։Նախքան կառուցումը տեղանքը մեծ թեքություն է ունեցել և 1211 թվականին ուղղվել է։ Այնուհետև վերականգնվել է Կաթողիկե եկեղեցին, որի մեկենասությունը ստանձնել է նյույորքաբնակ Էդիլ Հովնանյանը։ Նրան աջակցել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել այն, ինչպես կարողացել է։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ