Գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ. Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց

Աստղիկ Խաչատրյան 17.06.2025 - 11:14
17.06.2025 - 11:14 դիտում

Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստը մեկնարկեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկված և բացասական եզրակացություն ստացած նախագծի քննարկմամբ, որն առնչվում է մի շարք կետերով գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուն, այդ թվում՝ զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն: Այն խորհրդարանում ներկայացրեց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը հիշեցրեց վարչապետի մի քանի հայտարարություններ՝ կապված զինծառայության և բանակի, պետության ու քաղաքացիների շահերից բխող որոշումների հետաձգման հետ, և այս համատեքստում հայտարարեց. «Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը: Չկա՛ հետաձգում»:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ եթե զինծառայության 6 ամիսը լիներ պարտադիր, մյուս մասը՝ գումարով, ապա կարելի էր ընդունել այն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ այս նախագիծը և դրա առանձին դրույթներ «Քաղաքացիական պայմանագիրը» մանրամասն քննարկել է, ապա այս համատեքստում հայտարարեց, որ բանակի բարեփոխման ռազմավարությունն իրենց առաջնահերթությունների շարքում է:

«Այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն, այնուհանդերձ, առանձին կարգավորումները, դրա ձևակերպումները և սահմանումները, քննարկման ժամանակը խմբակցությանը բերել է այն համոզման, որ այս նախագիծն այս տեսքով չենք կարող ընդունել: «Քաղաքացիական պայմանագիրը» դեմք է քվեարկել այս նախագծին, ուստի այս քվեարկությանը ևս դեմ կքվեարկի»,- ասաց Կոնջորյանը:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը վարման կարգով արձագանքեց. «Թեպետ 2022 թվականից նախագիծը Կառավարությունը բերել էր այլ ձևաչափով և հետ քաշեց՝ հաշվի առնելով էսկալացիան, նախագիծը սկսել են Կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից:

Ցավոք, ԱԺ մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչև այս պահը՝ վերջին 1,5 տարվա ընթացքում, քննարկումներ կազմակերպելու համար: Ես, առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով, կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները և ուղենիշները, որ վարչապետն է դրել մեր առաջ և Կառավարության ծրագրում առկա են, կարողանանք կյանքի կոչել:

Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին»:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 87 դեմ ձայներով չընդգրկվեց օրակարգ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ