Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում

Աննա Կոստանյան 16.04.2025 - 10:32
16.04.2025 - 10:32 դիտում

Ինչպես և նախատեսված էր, ժամը 10:00-ին մեկնարկել է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում է նիստից:

Նիստը վարելու իրավունքը տրվել է ամենատարեց անդամին՝ Վարդան Ղուկասյանին, վերջինս ներկայացնում է ընտրված ավագանու անդամների անունները և մանդատների թիվը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց՝

1․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար ընտրելու մասին,

2․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին,

3․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։

Գյումրու ավագանու ընտրված անդամները օրերս գրանցվել են, ստացել ավագանու մանդատները:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։

Մի քանի օր անց «Մեր քաղաքը» դաշինքը ևս, ի դեմս Մարտուն Գրիգորյանի, հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ