Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ փայլուն մրցելույթներ ունեցան գյումրեցի 2 մարզիկները: Ժամանակին միջազգային մեծ արդյունքների հասած մարզիչ Ալեքսան Կարապետյանի սաները գերազանցեցին բոլոր սպասելիքները: 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 240 կգ արդյունքով նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում Գառնիկը ցույց տվեց 108 կգ, իսկ հրում մրցաձեւում՝ 132 կգ արդյունք ու դարձավ անհասանելի ախոյանների համար: 2-րդ տեղ գրավեց մեքսիկացի Մանուել Խոսե Պերալտան՝ 234 կգ, իսկ լավագույն եռյակը եզրափակեց թուրք Մուսթաֆա Էրդողանը՝ 228 կգ ցուցանիշով: 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, որն անվանի մարզչի որդին է, նույնպես չեմպիոնական ոսկե մեդալակիր դարձավ 370 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Գարիկը հանգիստ իրեն ենթարկեց 170 կգ ծանրաձողը, իսկ հրում մրցաձեւում բարձրացրեց 200 կգ քաշն ու անհասանելի դարձավ մրցակիցների համար: Արծաթե մեդալի արժանացավ 364 կգ ցուցանիշով Մոլդովայի պատվիրակ Տուդոր Բրատան, իակ 3-րդը ճանաչվեց եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդուն՝ 359 կգ: Հավելենք, որ 2 ծանրորդներն էլ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սաներ են: