Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 8 անշարժ գույք.
- 2 շարժական գույք.
- 5 իրավաբանական անձում մասնակցություն.
- 1 միլիարդ 550 միլիոն 258 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
- 8 միլիոն 419 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար:
Դատարանի կողմից կիրառվել են հայցի ապահովման միջոցներ: