Բժիշկների առողջական վիճակը բավարար է, ապաքինվում են. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված շտապօգնության բժիշկների մասին

Աստղիկ Խաչատրյան 17.01.2024 - 20:53
17.01.2024 - 20:53 դիտում

Այս դեպքերում շտապօգնության ծառայությունը ուշացումներ չի գրանցել, մեր նորմատիվներում սահմանված ժամանակներում է շտապօգնությունը տեղ հասել և պատշաճ իրականացրել է իր գործառույթները: Այդ մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

«Ցավոք սրտի, այո՛, բժիշկների կողմից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելը նաև որոշակի ռիսկեր է իր մեջ պարունակում. այս դեպքերը, ցավոք, բացառիկ չեն: Անցյալ տարի մենք ականատես եղանք կոնկրետ ԲԿ-ում մանկաբույժի նկատմամբ բռնության դեպքի, և պետք է մեր արձագանքը խիստ և հստակ լինի, և իրավունքի ողջ խստությամբ պետք է պատժվեն այս անձինք»,- նշեց նախարարը:

«Բժիշկների առողջական վիճակը բավարար է, ապաքինվում են. այլ մանրամասներ չներկայացնեմ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել հունվարի 16-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է:

Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ