Արևմուտքը թույլ չի տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները․ Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 15.11.2023 - 20:14
15.11.2023 - 20:14 դիտում
Արևմուտքի խորհուրդները թույլ չեն տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։

«Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ»,- ասել է  նա։

«Սակայն կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա համաձայնագրերը վերջնական տեսքի բերել, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց դրան. դա Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհուրդն էր», – հավելել է  Զախարովան:

Ինչպես նշել է դիվանագետը, Արևմուտքը, փոխանակ նպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները կարգավորման ճանապարհին։ «Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը, փորձում են սեփական ուղիները  պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և նորմալացման փոխարեն նպաստել կեղծ նորմալացմանը», – ասել է ՌԴ դիվանագիտական ​​ծառայության ներկայացուցիչը։

«Արդյունքում Հայաստանը, եռակողմ համաձայնագրերից դուրս ԱՄՆ-ի և Եվրամիության խոչհուրդներով, մեր կարծիքով, մեծ ռիսկի է դիմում  տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից կտրվելու հարցում», – եզրափակել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ