Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի. Թորոսյան

22.04.2022 - 19:40 դիտում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է բողոքի գործողություններ սկսելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը:
«Քիչ առաջ լսեցի իմ վաղեմի ընկեր Իշխան Սաղաթելյանի կոչը բողոքի գործողությունների վերաբերյալ։
Նախ՝ եկեք ֆիքսենք, որ սկսած 2018 թվականից մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, և ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու խաղաղ հավաքների միջոցով, և կարիք չկա դա ներկայացնել, որպես հերոսություն՝ ի հակառակ մինչև 2018 թվականի եղած ժամանակահատվածի, երբ ՀՅԴ կոալիցիոն գործընկերների կողմից բանեցվող բռնաճնշումների պատճառով բողոքի ցույցերին մասնակցելը իսկապես հերոսություն էր պահանջում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա մոռացել է։
Հաջորդը, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը ճանաչվել է որպես օրինական և իրավաչափ հենց նույն ՀՅԴ-ի կողմից, երբ ՀՅԴ անդամները, այդ թվում՝ հենց Իշխան Սաղաթելյանը, հետհեղափոխական կառավարության մաս կազմեցին։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ոչ-ոք չի բողոքարկել, իսկ 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկումից հետո մնացել են անփոփոխ և օրինական ուժի մեջ են մտել՝ ձևավորելով լեգիտիմ ԱԺ և դրանից բխող լեգիտիմ կառավարություն։
Հետևաբար հարգելի պարոն Սաղաթելյան, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ թե ում են նրանք ընտրել։ Այս ամենը թվարկում եմ, որպեսզի չզարմանաք, երբ խաղաղ հավաքներ կազմակերպելիս ձեր պատկերացրած զանգվածային աջակցությունը չստանաք մեր քաղաքացիներից՝ ի հակառակ 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահ էր, որ այդ ժամանակվա իշխանությունը լեգիտիմ չէր և չէր ձևավորվել մեր քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ։
Եվ վերջում՝ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու մասին։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Պետք է դադարեցվի հենց Արցախի համար։ Արցախի հիմնախնդրի վրա տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում եկել են իշխանության, զրկվել են իշխանությունից, պահել են իշխանությունը և հիմա էլ ուզում են վերցնել իշխանությունը՝ շրջանցելով իշխանություն ձևավորելու հիմնարար մեխանիզմը՝ ընտրությունները։ Չի ստացվելու շրջանցել այդ մեխանիզմը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չի ստացվելու։
Իսկ Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր հանձնառությունը, հենց Արցախի և Հայաստանի շահերից ելնելով, չի չեղարկվելու։ Խաղաղ ճանապարհով կարգավորման այլընտրանքը պատերազմն է, հարգելի քաղաքացիներ։ Խաղաղության օրակարգը մերժող քաղաքական ուժերը հենց դա են ուզում՝ անկանխատեսելի և աղետալի արդյունքներով»,- Ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը։

Քիչ առաջ լսեցի իմ վաղեմի ընկեր Իշխան Սաղաթելյանի կոչը՝ բողոքի գործողությունների վերաբերյալ։

Նախ, եկեք ֆիքսենք, որ սկսած…

Опубликовано Arsen Torosyan Пятница, 22 апреля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ