Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները հնարավոր կլինի ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդով. նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ

Աննա Կոստանյան 29.08.2023 - 18:03
29.08.2023 - 18:03 դիտում

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: Նոր առաջարկներով նախագիծը ներկայացվել է երկրորդ ընթերցման:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մանրամասնեց՝ նախագծի առաջին տարբերակով սահմանվում էր համարանիշների նոր տեսակ, այն է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ:

«Մինչ այս եղել են հերթական համարանիշներ, ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց գները սկսվում էին 36 հազարից և հասնում մինչև 8 միլիոնի:

Առանձնահատուկ համարանիշների առանձնահատկությունն այն է, որ դրանք թվային նոր համադրումներ ունեն, այսինքն, օրինակ բերեմ, կարող են լինել առջևի թվերը «00», ինչ-որ տառեր և վերջում «000»»,- պարզաբանեց պատգամավորը:

Արմեն Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ ՆԳՆ-ն ընդունել է ներկայացված առաջարկությունները և մշակել նախագծի նոր տարբերակ, որը նախատեսում է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով համարանիշների ձեռքբերման կարգ:

Հիմնական զեկուցող, ՆԳՆ տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվող նախագծով նաև որոշակի իրավակարգավորումներ են նախատեսվել էլեկտրոնային աճուրդի անցկացման համար:

«Մասնավորապես, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովության բնագավառում լիազոր մարմինը պիտի սահմանի տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման չափորոշիչները, գները չափորոշիչների, աճուրդի մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաև աճուրդի կանոնակարգը, իրականացնի դրա կազմակերպումը և հենց բուն աճուրդները»,- ասաց Համբարյանը:

ՆԳՆ տեղակալը նաև արձանագրեց՝ լրացումների և կարգավորումների արդյունքում բացառվել է աշխատակցի և քաղաքացու միջև որևէ ինտերակցիա. դա կլինի թվային տիրույթում:

Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, այն ընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ