Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Աննա Կոստանյան 14.05.2024 - 17:40
14.05.2024 - 17:40 դիտում

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում վարչապետը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում՝ հարցին, վարչապետը պատասխանել է․

«Անկեղծ ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարևան երկրների ներքին իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը հանգամանքների բերումով չի ժամանել Հայաստան։ Ես գտնում եմ, որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին։ Այն մեր կառավարության համար ռազմավարություն է, այն մեր քաղաքական համոզմունքն է, այն նաև մեր քաղաքական ինքնությունն է։

Մեր քաղաքական թիմի անդամները կյանքի մեծ մասը պայքարել են հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և խոսքի ազատության։ Հիմա մենք ունենք այս բոլոր արժեքները մեր երկրում իրականացնելու հնարավորություն։ Բայց իհարկե, անվտանգային իրավիճակը բարդ էր, և այժմ այն ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի բերումով, այլ նաև գլոբալ իրավիճակի բերումով, որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է այս պահին։

Իմ գնահատականն այն է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, որ պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, ինչ-որ առումով հետագա զարգացումների նախաբանն էր։ Եվ այժմ հիմնական հարցը անվտանգությունն է»։

ՀՀ վարչապետը նաև նշել է, թե ո՞րն է Հայաստանի ռազմավարական տեսակետը, ինչպե՞ս է երկիրը պատրաստվում երաշխավորել անվտանգությունը։

«Վերջերս ես մեր խորհրդարանում ելույթ ունեցա, որտեղ ասացի, որ իմ կարծիքով` անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է։ Սա է պատճառը, որ մենք այդքան հաճախակի ենք ցիտում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Կցանկանայի լսարանին տեղյակ պահել, թե ինչի մասին է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 12 Խորհրդային հանրապետությունների կողմից, որտեղ նշվում են մի քանի շատ կարևոր մտքեր։ Առաջինը` Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և Խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ Խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ։

Շատ կարևոր է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր համաձայնություն եղավ։ Առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է ծառայի որպես հիմք` երկու երկրների միջև սահմանազատման համար։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սահման գծելու խնդիր չունենք։ Մենք պարզապես պետք է վերարտադրենք գոյություն ունեցած սահմանը հողի վրա։ Այս գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, և ես հույս ունեմ, որ հաստատակամորեն կշարունակենք այն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ