Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:
Գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը, քվեարկությանը ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Աննա Վարդապետյանը 2020 թվականի մարտի 2-ից զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:
Սեպտեմբերի 15-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։