Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ինը. Փաշինյան

Աննա Կոստանյան 17.04.2025 - 15:50
17.04.2025 - 15:50 դիտում

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով: Այդ մասին ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն, այդ հեղափոխության արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է: Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է:

Ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում «հայրենիքը պետությունն է» կարգախոսը, և ինչ բացատրություն ունի, իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Ռուսական կայսրությունը, հայրենքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Խորհրդային Միությունը, և ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը՝ խեղճ ու կրակ, ու այս սոցիալ-հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր՝ հայրենիքի նկատմամբ. սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ ժողովո՛ւրդ, հասե՛ք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետության ատրիբուտ են, և հետևաբար, ենթագիտակցորեն կամ ձեռբերովի ռեֆլեքսի համաձայն՝ ատելի»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ