Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, առնվազն պետք է քաղաքական հետևանք ունենա. Ալեն Սիմոնյան

Աստղիկ Խաչատրյան 19.05.2025 - 15:46
19.05.2025 - 15:46 դիտում

Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, առնվազն պետք է քաղաքական հետևանք ունենա և ունենալու է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրում չի եղել, ապա տեղեկացրեց, որ երբ գա դահլիճ, պատասխանը տալու է:

«Ազգային ժողովում ամեն ինչ ունենալու է իր հետևանքը, որովհետև ԱԺ նիստերի խանգարում տեղի ունենալ չի կարող: Դա օրենքով սահմանված է, իմ ցանկությունը չէ: Ես որ ասում եմ՝ դուրս կշպրտեմ, ես հո նկատի չունե՞մ, որ ես ուժեղ, գողական տղա եմ, հեսա գալու եմ, բռնեմ, տանեմ, դուրս շպրտեմ, մի հատ էլ հայհոյեմ: Ես նկատի ունեմ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգ կա, որ կարող է հեռացվել դահլիճից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մայիսի 14-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ իշխանությանն ուղղված քննադատություններին արձագանքել էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքել էր Լևոն Քոչարյանը: Արշակյանը պահանջել էր տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց էր սկսվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ