ԱՄՆ սենատորը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Գոհար Ստեփանյան 21.10.2020 - 12:01
21.10.2020 - 12:01 դիտում

Ամերիկյան սենատոր Էդվարդ Մարքին ԱՄՆ կողմից Արցախը ճանաչելու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Սենատոր Էդվարդ Մարքին (Մասաչուսեթսի նահանգ) կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հասնել անհապաղ կրակի դադարեցման Լեռնային Ղարաբաղում եւ խաղաղ կարգավորման բանակցությունների ճանապարհով:

Հիշեցնենք, որ այս ուրբաթ պետքարտուղար Պոմպեոն առանձին հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Մարդասիրական հրադադարի վերաբերյալ նախկին երկու պայմանավորվածությունները, որոնք սկզբից առաջ քաշվեցին Մոսկվայի, ապա նաեւ Ֆրանսիայի կողմից, հենց նույն պահին էլ խախտվեցին: Ռազմական գործողությունները հարյուրավոր մարդկանց կյանքեր են խլել: Հաղորդվում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկան ապստամբներ է տեղափոխել հայ ժողովրդի դեմ կռվելու համար:

Էդվարդ Մարքիի հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնց ամբողջությամբ աջակցում է Թուրքիան, պետք է անհապաղ դադարեցվեն»,-ասել է Մարքին:

«Պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնել տա, որ ԱՄՆ-ը աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է նպաստել բանակցություններին: Կրակի դադարեցման հասնելու եւ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար մյուս կողմերը, ինչպիսին է Թուրքիան, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները եւ ռազմական միջամտությունը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ հասնի շփման գծում կրակի դադարեցման եւ շտապ վերադարձ բանակցություններին՝ Միսնկի խմբի միջնորդությամբ: Քանի որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը ապօրինի ռազմական ուժի միջոցով լուծելու փորձերը, միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»:

«Պետքարտուղար պոմպեոն նաեւ պետք է հասկացնել տա, որ ամբողջությամբ հետեւելու են Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածին, ըստ որի կադարեցնի ամերիկյան օգնությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում: Ավելին, Պոմպեոն եւ նախագահ Թրամփը, որոնք սերտ կապեր են հաստատել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, պետք է իրենց ավտորիտար ընկերոջը հասկացնեն, որ այս հակամարտությունում իր հետագա մասնակցությունը կարժենան ռազմական օգնության եւ ԱՄՆ վարչակազմի հետ ջերմ հարաբերությունների դադարեցում»:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ