Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները

Հրաչ Սահակյան 2.10.2020 - 01:26
2.10.2020 - 01:26 դիտում
Ամերիկացի 50 կոնգրեսական պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղված նամակում պահանջել են, որ Թրամփի վարչակազմը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները ներդնի Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները զսպելու համար։
Հիշեցնելով, որ Ադրբեջանը ոչ վաղ անցյալում սպառնում էր հարվածել անգամ Հայաստանի ատոմակայանին՝ կոնգրեսականները հայտարարել են, որ փաստերը խոսում են վերջին հարձակման նախապես խնամքով ծրագրված լինելու մասին։
«Մտահոգության լրացուցիչ առիթ է Թուրքիայի նյութական օգնությունն ու քաջալերումը։ Թուրքական նեգրավվածությունը շարունակական տարածաշրջանային հակամարտության վտանգ է հարուցում, որը հումանիտար աղետի հետ կարող է վտանգել ԱՄՆ անվտանգության կարևոր առաջնահերթությունները»,- նշված է նամակում։
Կոնգրեսականները նկատել են, որ կողմերի միջև հավասարության քաղաքականությունը տապալվել է։ «Շատ երկար ժամանակ է, որ Միացյալ Նահանգներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները հավասարության կեղծ նշաններ են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույնիսկ այն դեպքում, որ վերջինը սպառնում է պատերազմով ու մերժում դիտորդական առաքելությունը շփման գծի երկայնքով»։
Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, Լինդա Սանչեզը և տասնյակ ուրիշ օրենսդիրներ պահանջել են աներկբա դատապարտել ադրբեջանական ագրեսիան, Բաքվին հարկադրել ընդունել կրակային մոնիտորինգի վերաբերյալ ամերիկյան օրենսդիրների առաջարկը և բարձր մակարդակով աշխատել թուրքական կողմի հետ` հստակեցնելու համար, որ Ադրբեջանին օգնելը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ