Այսօր հրապարակում է եղել, որ խոշորագույն ավիաընկերություններից մեկը Հայաստանում բազավորվում է և նոր 8 թե 9 ուղղություններով չվերթ է բացում: Սա կապ ունի նրա հետ, որ մենք, չարչարվելով, տանջվելով, սխալվելով, ամեն ինչ արել ենք և անում ենք ՀՀ քաղաքացիների համար էժան և մատչելի գներով ճամփորդելու համար: Այդ մասին ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ճանապարհին սխալվել ենք, բայց կանգ չենք առնում, որովհետև ուզում ենք աշխարհը բացել ՀՀ քաղաքացիների առաջ և ՀՀ-ն բացել աշխարհի քաղաքացիների առաջ: Երբ Wizzair-ը տարածում է, որ բազային գները սկսելու են 29 եվրոյից, և 8, 9 ուղղություններով ՀՀ քաղաքացին կարողանալու է ճամփորդել, այդ թվում մեր սխալների, էդ սխալների ընթացքում մեր ձեռք բերած փորձի արդյունք է, և ես շատ ուղիղ սրա մասին ասում եմ»,- նշեց Փաշինյանը: