Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում հերքել է մտավախությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով։
«Մենք տեսնում ենք կեղծ տագնապ և հիստերիա Հայաստանի կողմից։ Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ: Մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք հասանք նրան, ինչին արժանի էինք»,- ասել է Հաջիևը։
Խոսելով Բաքվի և Երևանի բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռևս մնում են «հարցեր, որոնք պետք է քննարկվեն»՝ միևնույն ժամանակ նկատելով, որ «շատ ավելի մոտ են խաղաղությանը, այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չեն տեսնում»։