Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է այն կանխել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
«Մեր հիմնական նպատակն է փորձել խաղաղություն ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը «փորձում է կանխել զինված միջամտությունը» և զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների ու մարդու իրավունքների պահպանման հետ կապված հարցերով։ «Ճշմարտությունն այն է, որ մենք գործ ունենք երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն կատարյալ մոդել, բայց մենք պետք է գործենք՝ հիմք ընդունելով մեր ազգային շահերը, պետք է հավասարակշռենք այդ ամենը` մեր ազգային շահն ու դիվանագիտությունը»,- ասել է պետքարտուղարը։
Մարտի 13-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և ավարտել բանակցային գործընթացը:Երևանում պարզաբանել են, որ Բաքվից առաջարկներ են սպասում փաստաթղթի ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։