«Ագարակ» անցակետում՝ Իրանից ժամանած բեռնատարում, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 25 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿ

Աննա Կոստանյան 17.12.2024 - 16:43
17.12.2024 - 16:43 դիտում

Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

«Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։

Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման ժամանակ կասկածներ են առաջացել, որ բեռնատարով տեղափոխվում է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Մաքսային զննության  արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ։

Հիմք ընդունելով, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակում ի հայտ են եկել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներ՝ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Հարկ է նշել, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել Հայաստան ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։

Բացի դրանից՝ հայտնաբերվել է նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ»,- նշվում է հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ